Յուրաքանչյուր պետության զարգացվածության աստիճանը հասկանալու համար պետք է ոչ թե նայել մայրաքաղաքում վեր խոյացած երկնաքերերին, կենտրոնի մեկ-երկու ժամանակակից սրճարաններին ու ռեստորաններին, առավել ևս պետք չէ հիմք ընդունել օլիգարխների դղյակներին՝ բազմած սարի դոշին, այլ պետք է ուշադրություն դարձնել քաղաքի ենթակառուցվածքներին, դպրոցներին, մանկապարտեզներին, որտեղ իրենց հիմնական ժամանակն են անցկացնում մանկահասակ երեխաները:
Օրերս համացանցում արշավ սկսեցին դպրոցական երեխաները, ովքեր իրենց դպրոցների սանհանգույցները նկարում և ուղարկում էին ֆեյսբուքյան հայտնի էջերից մեկին՝ հույս ունենալով, որ խնդիրները բարձրաձայնելուց հետո լուծում կստանան:
Բազմապիսի դղյակների ու շքեղ մեքենաների կողքին կարելի է դպրոցների նման անմխիթար վիճակն անվանել դարի խայտառակություն: Նման սանհանգույցները ոչ միայն գարշելի են և աչքի համար տհաճ, նաև երեխաների հիգիենիկ առողջության խնդիրն է: Ի՞նչ ելք պետք է ունենան ծնողները, եթե չեն ուզում իրենց երեխաներն օգտվեն նման սանհանգույցներից, բնականաբար, զարկ տան մասնավոր դպրոցներին, իսկ ամեն մեկը կարո՞ղ է իր երեխային բարձր ամսավճարներով դպրոցներ ուղարկել՝ իհարկե՝ ոչ: Մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ պետք է ծնողն իր երեխային ստիպված վճարովի դպրոց ուղարկի, որոնք մի քիչ տանելի վիճակում են, եթե աշխատավարձը ստանալիս հարկերը ողջ պատասխանատվությամբ են պահվում, այսպես ասած, փողը կիսում, նոր են տալիս:
Լուսանկարներին հրավիրում ենք ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրությունը, որպեսզի տեսնեն և ամաչեն, թե ինչպես են այս ոլորտը ղեկավարում ու մի հատ էլ բարձրագոչ հայտարարություններ անում, թե մեր երեխաները երեք օտար լեզու պետք է իմանան՝ այս պայմաններում սովորելո՞վ:
Աղբյուրը` newspress.am
Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դպրոց 27 հոգանոց 3-րդ դասարանցիներից դպրոց էին հաճախել 5-ը: Որպես բողոքի ակցիա, ծնողները երեխաներին դպրոց չէին ուղարկել: Իսկ դպրոցի բակում այսօր աշակերտների փոխարեն հավաքվել էին նրանց ծնողները: Աշակերտների քիչ մասն էր դպրոց եկել: Մշուշի մեջ կանգնած ծնողներն այդ քայլով պահանջում էին կառավարության ուշադրությունն իրենց դպրոցին:
Բանն այն է, որ Ջրարբիի դպրոցն այժմ գործում է նախկին մանկապարտեզի շենքում: Պարզապես շենքը հարմարացրել են, և տասնամյակներ շարունակ աշակերտներն ու ուսուցիչներն աշխատել են այդ պայմաններում: Հավաքվածները չէին հիշում, թե երբ է վերջին անգամ դպրոցը վերանորոգվել:
Տասնամյակներ առաջ փորվել է նոր դպրոց կառուցելու հիմքը: Տարիների ընթացքում հիմքն արդեն լցվել է հողով ու տարբեր իրերով, սակայն դպրոցն այդպես էլ չի կառուցվել:
Շենքը գտնվում է անմխիթար վիճակում: Դպրոցը զուրկ է տարրական պայմաններից: Չունեն ֆիզկուլտուրայի մարզադահլիճ, աշակերտները ձմռանը դաս են պարապում դասասենյակներում: Չունեն մարզագույք, լաբորատորիաներ: Նույնիսկ շենքի ներսում սանհանգույց չկա: Աշակերտներն ու ուսուցիչներն օգտվում են մեկ զուգարանից, որը գտնվում է շենքից դուրս:
Իսկ ձմռան օրերին ամենամեծ դժվարությունը ջեռուցումն է: Դասասենյակները ջեռուցվում են հեղուկ վառելիքով, իսկ միջանցքները չեն տաքացվում: Հին փայտե պատուհանների անցքերը փակելու համար փակցրել են ցելոֆաններ:
Վարդուհի Մկրտչյանը համագյուղացիների հետ կանգնած էր դպրոցի բակում: Նա էլ էր պահանջում պատշաճ ուշադրություն: Տիկին Վարդուհու թոռները դպրոցահասակ են: Պատմեց, որ դպրոցի պատճառով տղաներից մեկը ընտանիքով լքել է գյուղը: Մտավախություն ունի, որ մյուս տղան էլ կգնա:
«Կարոտը սրտիս մնացել եմ: Մի տղա էլ ունեմ, նա էլ, որ գնա մնալու եմ մենակ»,- ասում է Վ. Մկրտչյանը՝ հավելելով, որ ջեռուցման պատճառով նախորդ տարի աշակերտները գրեթե 3 ամիս դպրոց նորմալ չհաճախեցին: Ոմանք ցրտից հիվանդանում էին, մյուսների ծնողները չէին թողնում, որ դպրոց գնային:
«Անցյալ տարի փետրվարից հետո երեխեքին կանչում էին դպրոց, ասում էին ժամը 10-ին եկեք, մի 2 ժամ դասերը կտանք, կգնաք տուն: 2 ժամվա մեջ ինչպե՞ս կարող է երեխան 5-6 առարկա սովորել»,- ասում է Վարդուհի Մկրտչյանը: Նրա խոսքերով, ջրարբեցիները եկամուտ ունեն՝ թռչնաֆաբրիկայում են աշխատում, և իրենք էլ կարող են փոքր-ինչ օգնել դպրոցին, եթե կառավարությունը քայլ անի:
Տիկին Վարդուհին խոսեց նաև անհավասար պայմանների մասին: Մասնավորապես վկայակոչելով նույն տարիքի երկու տարբեր դպրոցներում սովորող երեխաների ուսման որակը, նշեց, որ մի դպրոցում էլեկտրոնային տարբերակով են գրում, դաս պարապում, մյուս դպրոցում սոլյարկայի հոտի տակ դասաժամ են «սպանում», ինչը խտրականություն է:
«Հիմա պետք է բանվորն էլ գրագետ լինի: Երեխեքն էլ են արդեն հասկանում տարբերությունը: Հիմա արդեն կոմպյուտրով են բանվորություն անում: Այստեղ սովորող երեխաները զրկված են ամեն ինչից»,-նշեց Վ. Մկրտչյանը:
Ծնողները ցույց տվեցին նաև դպրոցի ճանապարհը, որը ցեխաջրերով էր լցված: Հավաքվածներն ասում էին, որ նույնիսկ այդ ջրերից են երեխաները հիվանդանում և մինչև տուն են հասնում ոտքից գլուխ ցեխի մեջ կորում են:
«Ընտրություն ա լինում, գալիս են գյուռ-գյուռ ստերն ասում, թողնում գնում են, մենք էլ ասում ենք՝ էս ինչ լավ ա, հեսա նորմալ կլինի: Ոչ մեկ ոչ մի բան չի անում, այնքան որ խոսում են: Այս դպրոցի բարելավումն եղել է այն, որ լուսամուտներին ցելոֆան են կպցնում ու փտած ֆարսունգեքով սոլյարկայի փեջերը»,-ասում է Արմեն Նազարյանը:
Նրա խոսքով, եթե հարցը չլուծվի, ինքը հրաժարվելու է երեխաներին դպրոց ուղարկել, քանի որ ահ ու դողով են սպասում մինչև վերադառնում են: Հիշեց, որ նախորդ տարի դասասենյակներից մեկը նույնիսկ հրդեհվել էր հեղուկ վառելիքից: Բացի դրանից, սոլյարկայի հոտից երեխաների ինքնազգացողությունն է վատանում, չեն կարողանում կենտրոնանալ դասերի վրա:
Դավիթ Գրիգորյանն էլ ասաց, որ դպրոց հաճախող երկու երեխա ունի, և արդեն համբերության բաժակը լցվել է: Այլևս չեն կարող ոչ իրենց, ոչ երեխաներին ենթարկել սթրեսի:
Ջրարբիի միջնակարգ դպրոցի տնօրեն Նարեկ Զաքարյանն այդ պաշտոնում նոր է` սեպտեմբերից է պաշտոնավարում: Նա Ջրարբի գյուղից չէ և չի հասցրել ամբողջությամբ ծանոթանալ դպրոցի պատմությանը:
Տնօրենի խոսքերով՝ ծնողներին էլ կարելի է հասկանալ, քանի որ դպրոցը փաստացի վատ վիճակում է գտնվում: «Վատն այն է, որ երեխաներն ինչով են մեղավոր, որ դասապրոցեսը խանգարվում է: Այսքան տարի նույն ձևով դասապրոցեսն անցկացվել է: Ունենք հեղուկ վառելանյութ, վառում ենք, ցելոֆանները պատուհաններին փակցված են»,- ասում է Նարեկ Զաքարյանը:
Տնօրենն ասաց, որ սեպտեմբերին աշակերտների թիվը 263 է եղել, այժմ՝ 253: Պատճառն այն է, որ երկրից դուրս են գնացել, կամ այլ դպրոց են տեղափոխվել:
Ռուսաց լեզվի ուսուցչուհի Վարդիթեր Կարապետյանն էլ ասաց, որ նախկինում ավելի վատ պայմաններում են աշխատել: Աշակերտները միջանցքում են դաս պարապել, իսկ ուսուցչանոց չունենալու պատճառով իրենք հավաքվել են մի անկյունում: Սակայն, նախկին տնօրենն ինչքան կարողացել ձևափոխել է դասասենյակները՝ մեկը մյուսի հաշվին նոր դասասենյակներ են ավելացվել:
«Ինչ անենք, որ մեր պետությունն աղքատ է: Մենք էլ շատ կուզենայինք լավ պայմաններում աշխատեինք, մեր երեխաները լավ պայմաններով դպրոց հաճախեին: Բայց որ իրավիճակը սա է, մենք բողոքելու տեղ չունենք»,- ասում է Վ. Կարապետյանը:
Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Հետք»-ին տեղեկացրեցին, որ առավոտյան մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ծնողների բողոքի ակցիայի մասին զեկուցել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կարճ ժամանակահատվածում առաջնահերթ լուծել ջեռուցման հարցը:
Աղբյուրը` hetq.am
Քանդման շեմին գտնվող Արմավիրի մարզի Պտղունք գյուղի դպրոցի մարզահրապարակում նախատեսվում է 300 աշակերտական տեղով նոր դպրոց կառուցել:
Շինությունը 1940-ական թվականների կառույց է՝ քայքայված պատերով և հատակով, որը մեծ վտանգ է ներկայացնում երեխաների, ուսուցիչների և դպրոց մտնող յուրաքանչյուր մարդու համար:
Հարակից փլուզված կառույցները քանդելու համար պետական բյուջեից հատկացվել է 2մլն,851 հազար դրամ:
Յուրաքանչյուր բացվող օր Պտղունքի դպրոց հաճախող երեխաներն ու դասավանդող ուսուցիչները վախը սրտներում են դուռը բացում և մտնում դպրոց: Ամեն վայրկյան հմնարավոր քարերի թափում կամ հատակի փլուզում: Տնօրենն ու մանկավարժները հաճախ են զգուշացնում երեխաներին՝ չվազել, չթռնել, որպեսզի փտած հատակի պոկվելուց իրենք չվնասվեն:
Պտղունք գյուղի դպրոցի փոխտնօրեն Վարդիթեր Մաթևոսյան.«Ամեն վայրկյան հնարավոր է թիթեղները, կախված փայտերն ու քարերը ընկնեն երեխաների գլխին, հատակը վնասված է, առնետներ են դուրս գալիս, նույնիսկ երեխաների պայուսակներ են մտել, դասագրքերն են կրծոտել»:
Ամիսներ առաջ մասամբ փլուզվել էր դպրոցին հարակից կառույցը և մարզադահլիճի պատերը, որը ներկայում էլ է վտանգ ներկայացնում: Կրթօջախի անմխիթար լինելու պատճառով գյուղի դպրոցականներին ծնողները տանում են հարակից բնակավայրերի դպրոցներ:
Տնօրեն Սիլվա Մկրտումյանը տեղեկացրեց, որ այժմ դպրոց է հաճախում 116 երեխա, որից առաջին դասարան՝ 7-, մինչդեռ Պտղունքի մանկապարտեզի ավարտական խմբում եղել է 21 երեխա:
Երեխաներին Պտղունքի դպրոց չտանելու պատճառներից է նաև ձմռան ցրտին դիզելային վառելանյութով ջեռուցման պայմաններում երեխաների ուսուցման կազմակերպումը:
Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը նշեց, որ Պտղունք գյուղի կրթօջախը 4 կարգի վթարային կառույց է և ենթակա է քանդման: Հարցը բազմիցս բարձրացվել ու քննարկվել է: 2017թ պետական բյուջեից 2մլն,851 հազար դրամ է հատկացվել դպրոցի հարակից կառույցի փլուզված հատվածը մաքրելոի համար:
Պտղունքում նոր դպրոց կառուցելու հարցը պատկան մամինների առջև բարձրացվել է դեռ 2006 թվականից, տարբեր նախագծեր են արվել և մնացել քաղաքաշինության նախարարության գզրոցներում:
Նախատեսվել էր Ասիական բանկի ծրագրով գյուղում կառուցել 100 տեղանոց դպրոց, որն այնքան էլ նպատակահարմար չէ նախկինում 450 աշակերտ ունեցող գյուղի համար:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ մոտ ժամանակներս կառավարությունը պահուստային ֆոնդից 80 մլն դրամ պետք է հատկացնի, որը գումարվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներին՝ Պտղունքում նոր դպրոց կառուցելու համար:
Փլուզված հատվածի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը նույնպես պատրաստ են՝ մրցույթով անցած, պայմանագիրը կնքված, սակայն դեռ չեն սկսել, քանի որ չկա այդ աշխատանքների իրականացման համար ֆինանսերի նախարարության դրական եզրակացությունը:
Աղբյուրը` armradio.am
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մակավարժական կոլեկտիվը նամակով տեղեկացնում է, որ դպրոցում անժամկետ դասադուլ է:
Նամակում մասնավորապես ասվում է. «2017թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ծնողական խորհրդի նախագահների նիստ, որում որոշվեց ս/թ սեպտեմբերի 26-ից սկսել անժամկետ դասադուլ:
Մեր պահանջներն են ՝
1. դպրոցի հիմնանորոգում
2. տարրական դպրոցը անհապաղ տեղափոխել հարևանությամբ գտնվող ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը»:
Աղբյուրը` a1plus.am
Վերջերս այցելել էինք Սյունիքի մարզ, Սիսիանի ենթաշրջանի Վաղատին գյուղի միջնակարգ դպրոցը։ Գյուղն ընդհանրապես և հատկապես դպրոցը գտնվում է հիասքանչ բնության կանաչապատ գրկում, որն առաջին տպավորությունից թվում է, թե ինչ հիանալի տեղ է դպրոց գնալու և դասեր սերտելու համար։
Սակայն շատ տխրեցինք, երբ դպրոց մտանք և անցանք սանհանգույցների կողքով։ Դրանք գտնվում են ահավոր վիճակում։
Թեև անցյալ տարիների ընթացքում բազմաթիվ գյուղեր ենք այցելել, որտեղ միշտ եղել են խնդիրներ, նորոգման կարոտ դասարաններ, մարզասրահներ, սանհանգույցներ և այլն, սակայն Վաղատին գյուղի միջնակարգ դպրոցի սահանգույցներն ամենաահավորն էին։ Թերևս նկարները դրանց ամենալավ բնութագիրն են։
Վաղատին գյուղը ունի շուրջ 700 բնակչություն, և դպրոցի աշակերտների թիվը 70 է: Դպրոցը ունի նորոգման երկու ծրագիր՝ մեկը սանհանգույցները՝ թվով 6 հատ, իսկ երկրորդը դասարանները փոքրացնելու և ջեռուցման խնդիրը լուծելու ծրագիրն է: Դասասենյակները շատ մեծ են, իսկ յուրաքանչյուր դասարանում միջին հաշվով 5-6 աշակերտ կա միայն։ Ձմռանը դասասենյակները ջեռուցվում են փայտի վառարաններով։ Ֆինանսական միջոցներ լինելու դեպքում հարմար կլինի մի քանի դասասենյակ կիսել և պատուհանները փոքրացնել, որպեսզի հնարավոր լինի ձմռանն ավելի արդյունավետ միջոցներով ջեռուցել։
Մտածեցինք «Հետք»-ի միջոցով բարձրաձայնել այս խնդիրները և տեղեկացնել «պատասխանատու» մարմիններին, և եթե կլինեն բարերարներ, որոնք կցանկանան օգնել Վաղատին գյուղին, տեղեկանան առկա խնդիրներին ու ընդառաջեն։
Հանրի Քոչարյան
Աղբյուրը` hetq.am
Հայկական դպրոցները վարչական պատասխանատվության կենթարկվեն դասարաններում տեսահսկման համար, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:
Նրա խոսքերով, անցկացված հետազոտության արդյունքում 20 հայկական դպրոցներում հայտնաբերվել են դասարաններում տեսահսկման հետ կապված խախտումներ, բոլոր փաստերով վարչական վարույթ է հարուցվել:
«Կրթական հաստատություններում տեսախցիկներ կարող են տեղադրված լինել բացառապես շենքի մուտքի մոտ և միջանցքներում, որպեսզի բացառվի ուսումնական հաստատություն կողմնակի անձանք մուտքը, ինչպես նաև դասամիջոցներին աշակերտների միջև կոնֆլիկտները և այլ կոնֆլիկտային դրսևորումները», – ասաց Դոյդոյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ տեսախցիկները կարող են տեղադրվել միայն դպրոցի ծնողկոմիտեի որոշմամբ, կամ եթե յուրաքանչյուր աշակերտի ծնող գրավոր համաձայնություն է տվել (13 տարեկանից մեծ երեխաները անձամբ կարող են իրենց համաձայնությունը տալ, խմբ.)։
Բացի այդ, փորձագետն ընդգծեց, որ դպրոցի տարածքում` տեսանելի վայրում, պետք է տեղադրված լինի տեսագրության մասին տեղեկություն:
«Որոշ դպրոցներ չարաշահում են նման նկարահանումները` տեղադրելով մինչև 40 տեսախցիկ, այդ թվում` դասասենյակներում, ուսուցչանոցում, ինչն անթույլատրելի է, քանի որ դա խոչընդոտում է երեխաների բնականոն զարգացմանը, որոնք գիտեն, որ իրենց մշտապես տեսահսկում են», – նշեց Դոյդոյանը։
Նա նաև նշեց, որ Երևանում տեսահսկում է կատարվում գրեթե բոլոր դպրոցներում, և գործակալությունը մտադիր է ստուգել բոլոր ուսումնական հաստատությունները երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում։
Աղբյուրը` newsarmenia.am
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 600 աշակերտների համար այս օրը չի սկսվել դասաժամերի սկիզբն ազդարարող դպրոցական զանգով: Նրանք, ի նշան բողոքի, դպրոց չեն եկել: Պատճառն այն է, որ 600 աշակերտի ուսումնական գործընթացով զբաղվող եռահարկ կիսաքանդ կառույցը դժվար է դպրոց անվանել:
Հիմնական դպրոցի հիմնանորոգման հարցը բարձրացվում է արդեն մի քանի տարի և պատճառը ոչ թե պատերի ոչ հաճելի գույնն է, կամ ոչ այնքան նոր պատուհանները, այլ` դպրոց կոչվելու համար առաջնային, կենսական անհրաժեշտություն համարվող պայմաններից մեկի` դասասենյակների բացակայությունը:
Դպրոցի ուսուցիչներն օգտագործում են ամեն ազատ անկյուն, միջանցքները, որոնք հնարավորինս նմանեցվում են դասասենյակների, որպեսզի ինչ-որ կերպ ապահովեն Աշտարակի 600 աշակերտների կրթական իրավունքի իրացումը:
«Հարցը բազմիցս ենք բարձրացրել: Խոստումները շատ են, իսկ գործողություն` չկա: Այսօրվա գործադուլ-դասադուլը մենք անվանում ենք նախազգուշական: Ցանկանում եմ նշել, որ ուսուցչական անձնակազմն ամբողջությամբ եկել է դպրոց, բայց գործադուլ է անում: Փորձում ենք նախազգուշացնել, որ արձագանքեն մեր ուղղած բազմաթիվ նամակներին, որ մեզ խոստումներ չտան ու այդ խոստումները մնան պարզապես թղթի վրա», — Aysor.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի ուսուցիչ Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց` առաջիկայում դպրոցը գնում է ամառային արձակուրդների ու հարցի կարգավորման համար ամենահարմար ժամանակն է:
«Սա պարզապես քմահաճույք չէ, ուզում ենք ահազանգել` այստեղ արդեն անհնարին է շարունակել ուսումնական գործընթացը», — ասաց ուսուցիչը:
«Դպրոցի ամենալուրջ խնդիրն այն է, որ, ունենալով 600 աշակերտ, այն ունի գործող միայն մեկ եռահարկ մասնաշենք: Այդ մասնաշենքն ուղղակի չի բավարարում երեխաների քանակին: Այսինքն դասասենյակները չեն բավարարում: Մենք ինչ անկյուն, ազատ տարածք կա` ձևափոխում ենք ու դարձնում ենք դասասենյակին քիչ թե շատ նման, որ երեխաները կարողանան դաս անել: Ոչ թե մենք ասում ենք` շենքը քանդված է, պատերի գույնը լավը չեն` եկեք սարքեք, այլ երեխաներն ուղղակի դասասենյակ չունեն, չեն կարողանում տեղավորվել: 36-37 հոգանոց դասարաններ ունենք», — ասաց Արմեն Գրիգորյանը:
«600 հոգանոց դպրոցն օգտվում է 3 հատ ոչ նորմալ վիճակում գտնվող սանհանգույցներից, բոլոր դասամիջոցներին սանհանգույցների դիմաց հերթեր են գոյանում: Ուսումնադաստիարակչական գործընթացը պարզապես նորմալ հնարավոր չէ իրականացնել: Մենք անընդհատ բարձրաձայնում ենք ու խնդրին լուծում չի տրվում: Հիմա սեպտեմբերին, երբ որ գանք դասի ու ավելանա աշակերտների թիվը` այլևս ոչ թե դասասենյակ, այլ պարզապես ազատ անկյուն, տարածք էլ չունենք, որ ձևափոխենք դասարանի նմանեցնենք ու իրենց ընդունենք դպրոց: Խնդիրը պարզապես անլուծելի է լինելու», — ասաց Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով` դպրոցի նորոգման պահանջներին արձագանքել են դեռ 2016թ.-ից, խոստումներ տվել, ասել` «հանգիստ եղեք»:
«2016թ.-ի հոկտեմբերին մեզ Արագածոտնի մարզպետարանից ասացին, որ խնդիրը լուծվել է և Տարածքային կառավարման նախարարության հետ պայմանավորվածություն կա, դուք հանգիստ եղեք: Ասացին` կլինի նախագիծ-նախահաշվարկ և 2017թ.-ին կլինի շինարարություն: Սպասեցինք, բայց մինչև հիմա ո′չ նախագիծ է արվել, ո′չ էլ շինարարություն: Դիմեցինք մարզպետարան, որ ճշտենք ` ե՞րբ ու ի՞նչ միջոցներով է իրականացվելու նորոգումը, մեզ պաշտոնական փաստաթղթով պատասխանեցին, որ 2017թ.-ին շինարարություն կլինի պետբյուջեից տրամադրած գումարներով: Արդեն 2017թ.-ի մայիս ամիսն է, բայց դեռ նույնիսկ նախագիծ չի արվել: Եվ վերջին աբսուրդային փաստաթուղթը, որ մեր ձեռքի տակ է` վերջերս ծնողներից մեկը, ովքեր շատ անհանգստացած են այս պայմաններում սովորող իրենց երեխաների համար, դիմել էր վարչապետին բաց նամակով: Ի պատասխան մեզ մարզպետարանից նորից թուղթ եկավ, որում ասված էր` 2018թ.-ին նոր կպատվիրվի դպրոցի նորոգման նախագիծ, շինարարության մասին` էլ չեմ ասում: Այսինքն նույնիսկ իրենց ուղարկած պաշտոնական փաստաթղթերն են իրար հակասում: Այնպես որ, որոշեցինք գնալ այս կտրուկ քայլերի», — հայտարարեց Արմեն Գրիգորյանը, նշելով, իրենց գործողությունները լինելու են շարունակական:
Աղբյուրը` aysor.am
Կրթության համաչափ զարգացման մասին խոսում են ոլորտի բոլոր պատասխանատուները:
ՀՀ նոր կառավարության ծրագրում ևս սա ամրագրված էր առանձին կետով, սակայն ինչպե՞ս են պատասխանատուները պատկերացնում կրթության համաչափ զարգացումը և կրթության իրավունքի համահավասար իրացումը, եթե, օրինակ, 2007-2013 թթ. պետբյուջեից կրթության ոլորտին հատկացվող գումարները նվազել են 14,98 տոկոսից 9-ի: Պետության կողմից կրթությանը տրվող գումարը տարածաշրջանում ամենաքիչն է՝ ՀՆԱ-ի 2.5 տոկոսը միայն, չնայած Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով նախատեսվում էր կրթությանը տրամադրվող գումարը հասցնել ՀՆԱ-ի 4 տոկոսը, բայց դա մնաց թղթի վրա, ինչպես համաչափ զարգացումը: «Եթե փորձենք ավելի մատչելի բացատրել կրթության համաչափ զարգացման սկզբունքը, ապա կարող ենք ասել, որ սա նշանակում է ոչ թե կրթական համակարգի հավասար ֆինանսավորում, այլ այնպիսի ֆինանսավորում, որպեսզի երկրի ողջ տարածքում ստեղծվեն հավասար պայմաններ:
Այսինքն՝ եթե որևէ մարզում, կամ որևէ տարածաշրջանում կարիքն առավել մեծ է, դրան ուղղված ֆինանսավորումն էլ համապատասխանաբար պետք է մեծ լինի: Սրա հիմքում, ըստ էության, խոցելի, կարիքավոր խավերի աջակցության գաղափարն է»,- բացատրում է կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նույն գաղափարն էր դրված նաև ավագ դպրոցների ստեղծման հիմքում. նպատակը մեկն էր՝ փորձել ազատվել կրկնուսույցների ինստիտուտից և բարձրագույն կրթություն ստանալու մեկնարկային պայմանները հավասար դարձնել բոլորի համար: «Այն, ինչ ունենք այսօր, ավելի շատ սելեկտիվ կրթություն է, ոչ թե հանրակրթություն, որոշակի խավի երեխաներ հավաքվում են հատուկ պայմաններով դպրոցներում, մյուսները՝ սովորական: Հայաստանում երեխաների 30-40 % է լավ կրթություն ստանում, մնացած 60 %-ը միայն դպրոց է հաճախում»:
Այսպիսով ստացվում է, որ պետությունը կրթության միջոցով ինստիտուցիոնալացնում է հասարակության բևեռացումը, մինչդեռ նրա առաքելությունը պետք է այլ լիներ՝ կրթության միջոցով ձևավորել հավասար մեկնարկային պայմաններ ունեցող հասարակություն: Խնդիրը գումարի նպատակային բաշխման մեջ է, ասել է թե՝ տարբերակված, ըստ կարիքի, այլ ոչ թե այնպես, ինչպես այսօր արվում է ՝ ըստ սովորողների թվի ֆինանսավորման սկզբունքի: Կրթությունը հանրային կյանքի ամենածախսատար ոլորտներից է, սակայն, նաև ոլորտ է, որն ունակ է երկարաժամկետ հեռանկարում հետ բերել ներդրված գումարը: Խնդիրը գումարի նպատակային բաշխման մեջ է, ասել է թե՝ տարբերակված, ըստ կարիքի, այլ ոչ թե այնպես, ինչպես այսօր արվում է ՝ ըստ սովորողների թվի ֆինանսավորման սկզբունքի:
Պարզ հաշվարկ՝ օրինակներով
Լոռու մարզի Դաշտադեմ համայնքի միջնակարգ դպրոցն այս տարի մեկ առաջին դասարանցի ունի, անցյալ տարի դպրոցն ունեցել է միայն 12 աշակերտ: Վայոց Ձորի Խնձորուտ համայնքի դպրոցն ունի 84 աշակերտ: Տավուշի մարզի Այգեպարի դպրոցի աշակերտների թիվն ընդամենը 48 է:
Բարեկամավան գյուղի դպրոցում 21 երեխա է սովորում, իսկ Սյունիքի մարզի Շիկահող գյուղի դպրոցում՝ 18: Այսինքն Դաշտադեմում պետությունից ստանում են ընդամենը 12 աշակերտի գումար, մեկ աշակերտի համար նախատեսված գումարը նույնն է ինչ Երևանում, մինչդեռ եթե Երևանում աղքատության մակարդակն, ըստ պաշտոնական տվյալների, 25 տոկոս է, ապա Լոռու մարզում՝ 38.6- 40 տոկոս։
Դաշտադեմի 12 կամ Շիկահողի 18 աշակերտի գումարով հնարավոր չէ ապահովել նորմալ ուսումնական գործընթաց, բոլոր առարկաների գծով ուսուցչական կազմ, աշակերտները չունեն այլընտրանքային կրթության հնարավորություններ, որպիսիք կան Երևանում կամ մեծ քաղաքային համայնքներում։
«Այսօր պետությունը հարուստ և աղքատ երեխաների կրթության համար ծախսում է նույն գումարը, մինչդեռ ֆինանսապես ապահովված երեխան կարող է և սովորաբար օգտվում է լրացուցիչ կրթական ծառայություններից՝ կրկնուսույցներ և այլն, իսկ երեխան, որը ֆինանսական նման կարողություններ չունի, մնում է բացառապես դպրոցի տրամադրած ծառայությունների հույսին»,- ասում է Սերոբ Խաչատրյանը:
Աշակերտի թվով կատարվող ֆինանսավորման դեպքում դպրոցը չի կարող ապահովել պատշաճ մանկավարժական և ոչ մանկավարժական աշխատակազմի համալրում: Շատ դպրոցներում ստիպված են լինում միավորել դասարանները: Օրինակ՝ 5 և 6 –րդ դասարանների աշակերտները նույն դասաժամի ընթացքում են անցնում տարբեր ծրագրերով սահմանված կրթական կուրսը: Ըստ էության, եթե անգամ ուսուցիչը չափազանց բարեխիղճ է, ստիպված է լինելու կիսել առարկայի համար հատկացված դասաժամը՝ երկու տարբեր ծրագրեր դասավանդելու համար:
Աղբյուրը`aravot.am
Արարատի մարզի Նարեկ գյուղի միջնակարգ դպրոցը մուտքից տեսնողները դժվար թե կարծեն, որ ներսում ավերակ է: Դպրոցի մուտքի կողմից երևում են վարդագույն տուֆից պատերը, փայլուն թիթեղյա նոր տանիքն ու մետաղապլաստե պատուհանները: Նման տեսարանից հետո դժվար թե ինչ-որ մեկի մտքով անցնի, որ այդ շենքի ներսում 137 աշակերտի կյանք վտանգված է: Նման տպավորություն նաև մենք ունեցանք, երբ կանգնեցինք դպրոցի մուտքի առջև: Բայց բավական է մտնել դպրոցի պատերից ներս կամ գնալ շենքի հետնամաս՝ պատկերն անմիջապես կփոխվի:
Մեր այցելության պահին դպրոցի տնօրենը տարածքում չէր: Ուսմասվարի հանձնարարությամբ դպրոցի շենքային պայմանները ներկայացրեց տնտեսվար Մանուկ Պողոսյանը: Վերջինս երկար տարիներ աշխատում է այստեղ և դպրոցի մասին գրեթե ամեն ինչ գիտի:
«Ձեր նյութի վերնագիրը դրեք՝ Նարեկի դպրոցի վերջը»,-ասում է Մանուկ Պողոսյանը: Պատմում է, որ 2009թ. մասնակի փոխվել են դպրոցի պատուհանները, իսկ 2011թ. դարձյալ մասնակի տանիքն են փոխել: Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցներով:
Դրանից հետո գրեթե ամեն տարի խոստացել են, որ դպրոցը կապիտալ կվերանորոգվի, սակայն մինչ օրս ուսուցչական անձնակազմն ու աշակերտները սպասում են այդ խոստումների իրականացմանը:
«Հույս տվել են՝ թե՛ մարզպետարանից, թե՛ Երևանից, ասել են՝ կգանք կվերանորոգենք, բայց չկան: Անցյալ տարի էլ են եկել, ասել, այս տարի դեռ չեն եկել, բայց մինչև հիմա չեն վերանորոգել»,-ասում է Մ. Պողոսյանը:
Դպրոցի առաջին հարկից արդեն հասկացվում է, որ այնտեղ առանց վախի նորմալ դաս անցկացնել գրեթե անհնար է: Երկհարկանի շենքի հիմնասյուներն առաջին հարկից մինչև վերջ լայն ճաքեր ունեն, ինչը թուլացնում է շենքի սեյսմակայունությունը: Լայն ճաքեր են առաջացել նաեւ դասասենյակների պատերին, ինչի պատճառով դրանք պինդ հպման դեպքում շարժվում են:
Տնտեսվարն ասում է, որ գյուղը սեյսմիկ գոտում է, եթե թույլ ցնցում լինի, շենքը չի դիմանա, և իրական վտանգ կստեղծվի երեխաների կյանքի ու առողջության համար: Մանուկ Պողոսյանի խոսքերով՝ երբ երեխաները երկրորդ հարկում վազում են, ներքեւում ցնցում են զգում: Պողոսյանը պնդում է՝ կոսմետիկ վերանորոգումները դպրոցը չեն փրկի, հիմնանորոգում է պետք:
«Մեր դպրոցը հիմքից վերանորոգման կարիք ունի: 30 տարի առաջ է կառուցվել, բայց ոչ մի անգամ չի հիմնանորոգվել: Բացի պատուհանների ու տանիքի մասնակի վերանորոգումից, դպրոցում ոչինչ չի արվել»,-նշում է Մ. Պողոսյանը:
Դպրոցի սանհանգույցները գրեթե չեն գործում: Մանուկ Պողոսյանը պատմեց, որ ինչ-որ կազմակերպություն տարիներ առաջ վերանորոգել է, սակայն անհաջող և այժմ չեն կարողանում պատշաճ օգտագործել: Դրանցից երկուսի դռները փակել են, որովհետև շահագործել հնարավոր չէ:
Շենքի ներսի որոշ հատվածներում առաստաղի ծեփերի մի մասը պոկված-կախված է և ցանկացած պահի կարող է ընկնել աշակերտների վրա:
Փոխված չեն էլեկտրական լարերը: Դպրոցի զգալի մասում վարդակները չեն աշխատում:
Մանուկ Պողոսյանն ասաց, որ դասասենյակները ջեռուցվում են էլեկտրական սալիկներով: Որտեղից որ պետք է սալիկը միանա, վարդակները վերանորոգել են, լարերը՝ փոխել, մնացածը վատ վիճակում է: Եթե ցանկանան միջոցառում անել, առաջին հարկում որևէ գործող վարդակ չեն գտնի, որ կարողանան էլեկտրականություն ստանալ:
«Մարդը որ հիվանդ է, ինչքան ուզում ես թանկանոց հագուստ հագցրու, էն չի: Նույնը սա է, պետք է զրոյից ամեն ինչ փոխվի»,-ասում է դպրոցի տնտեսվարը:
Երբ շրջում էինք դպրոցի ներսում, դասասենյակներից մեկում ֆիզկուլտուրա էին պարապում: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Էմին Գևորգյանն ասաց, որ մարզադահլիճում հնարավոր չէ դաս անցկացնել, ոչ մի պայման չկա:
«Դահլիճը շատ անմխիթար վիճակում է, ոչ մի հնարավորություն չկա: Իսկ ուսման որակն էլ՝ ըստ հնարավորության չափի, պահում ենք»,-ասաց Էմին Գևորգյանը:
Նա պատմեց, որ երբ երեխաները դահլիճում են պարապում, փոշու մեջ կորում են: Հատակը քանդված է, անհարթ և չի կարողանում գնդակի հետ աշխատելու կանոնները սովորեցնել: «Բասկետբոլ խաղալու համար գնդակը խփում ես գետնին լրիվ այլ կողմ է թռչում, հատակը անհարթ է»,-ավելացնում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Բացի այդ, դահլիճը չի ջեռուցվում:
Ֆիզկուլտուրայի դասերը շատ թե քիչ բնականոն հունով անցնում են միայն բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, երբ հնարավոր է լինում դրսում պարապել: Բայց դա էլ բավարար չէ, քանի որ ծրագրով նախատեսված պարապմունքներ անցկացնելու համար գույք չունեն, օրինակ՝ մագլցող պարան:
Ըստ Արարատի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության՝ Նարեկ գյուղի դպրոցի պատուհանները փոխելու համար գումար է հատկացվել 2011թ.՝ 14 մլն 610 հազար դրամի չափով: Այդ աշխատանքները վստահվել են «Շեն տանիք» ՍՊԸ-ին: Տանիքի մասնակի փոխման վերաբերյալ տեղեկատվություն չկա:
Աղբյուրը` hetq.am
«Հետքի» նկարահանող խումբն այս անգամ մեկնել էր Արագածոտնի մարզ՝ ուսումնասիրելու 2006-2015թթ. դպրոցաշինական ծրագրերը: Արագածոտնի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2006-2015թթ. ընթացքում մարզի կրթական հաստատությունների վերանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 9 մլրդ 106 մլն դրամի չափով գումար:
Գումարները ծախսվել են, բայց վերանորոգված դպրոցները դարձյալ վերանորոգման կարիք ունեն:
Ուջանի միջնակարգ դպրոց
Դպրոցը վերանորոգվել է 6 տարվա ընթացքում՝ 2009-2015թթ.: Վերանորոգման աշխատանքներն իրականացրել են 3 ընկերություններ՝ «Ադոն», «Գրեդշին» ընկերությունները և Արագածոտնի նախկին մարզպես Սարգիս Սահակյանի եղբորը՝ Նաիրի Սահակյանին պատկանող «Ես և Նա» ՍՊԸ-ն: Արագածոտնի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ դպրոցի վերանորոգումն արժեցել է մոտ 273 մլն դրամ:
Այս գումարով ամբողջությամբ վերանորոգվել է դպրոցի հիմնական մասնաշենքը, իսկ տարրական դասարանների համար նախատեսված մասնաշենքը մասնակի է վերանորոգվել:
Չի փոխվել տարրական դասարանների մասնաշենքի դռների զգալի մասը: Բացի այդ, շենքը փայտե առաստաղով է և նորոգման կարիք է զգացվում: Պետք է փոխվի նաև հատակը: Իսկ կոսմետիկ վերանորոգման մասին չենք խոսում:
Մինչ դպրոցում մտածում են երկրորդ մասնաշենքի վերանորոգման համար միջոցներ գտնել, առաջ է քաշվել հիմնական մասնաշենքի կոսմետիկ վերանորոգման հարցը: Խոնավությունը պատերով վերև է բարձրանում և քայքայում ներկն ու ծեփանյութերը:
Դպրոցի տնօրեն Ավետիս Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Արագածոտնի մարզպետը խոստացել է այս աշնանը դպրոցում կոսմետիկ վերանորոգում կատարել, որպեսզի թերությունները վերացվեն:
Անդրադառնալով փուլային վերանորոգումներին՝ տնօրենը նշեց, որ այդ տարբերակն այնքանով է լավ, որ դպրոցն, ի վերջո, վերանորոգվում է, սակայն սկսել է նկատել թերությունները:
Ավետիս Հարությունյանի կարծիքով՝ լավ կլինի դպրոցներում իրականացվեն ոչ թե ընթացիկ վերանորոգումներ, ինչպես իրենց դպրոցում է եղել, այլ ամբողջությամբ հիմնանորոգվեն, իսկ իրենց մասնաշենքը թեև նորոգվել է, սակայն ամրացման որևէ աշխատանք չի իրականացվել:
Դպրոցը ջեռուցվում է էլեկտրական սալիկների օգնությամբ: Լոկալ ջեռուցման մարտկոցները տեղադրված են, սակայն դրանք միացված չեն ընդհանուր ցանցին և «դեկորի» դեր են կատարում: Պատճառն այն է, որ դպրոցը գազիֆիկացված չէ, համապատասխան գումար չկա: Բացի այդ, լոկալ ջեռուցման ցանց անցկացնելու համար փոփոխություններ պետք է իրականացվեն նաև դպրոցի ներսում, ինչի համար, տնօրենի խոսքերով, ևս զգալի ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ:
Մաստարայի միջնակարգ դպրոց
Մաստարայի միջնակարգ դպրոցը նույնպես փուլային տարբերակով է վերանորոգվել: Այստեղ շինարարական աշխատանքներն իրականացվել են 7 տարվա ընթացքում՝ 2007-2013թթ.: Շինարարական աշխատանքներն իրականացրել են «Անդրեաս և ընկերներ» ՓԲԸ-ն և «Երևան Ջրշին» ԲԲԸ-ն: Ընդհանուր առմամբ, Մաստարայի դպրոցի համար պետական միջոցներից ծախսվել է մոտ 415 մլն դրամ: Սակայն, դպրոցի ոչ բոլոր մասնաշենքերն են վերանորոգվել պետական միջոցներով: Մի մասնաշենքն ամբողջությամբ վերանորոգել են օտարերկրացի բարերարները:
Մաստարայի միջնակարգ դպրոցի տնօրեն Աննա Արսենյանն ասում է, որ ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում 7 տարվա ընթացքում դպրոց վերանորոգելը երկար ժամանակահատված չէ: Նրա խոսքով՝ գյուղն այսօր ունի բարեկարգ դպրոց, և իրենք գոհ են կատարված աշխատանքից:
Թեև տնօրենը դդգոհություն չհայտնեց, սակայն զրույցի ընթացքում պարզվեց, որ շինաշխատանքներն առանց թերությունների չեն ընթացել: Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել վերանորոգել մարզադահլիճի հատակը: Այն սկսել է փտել և մոտ ապագայում չվերանորոգելու դեպքում հնարավոր չի լինի դաս անցկացնել:
Թեև դպրոցն ամբողջությամբ վերանորոգված է, պայմանները բարվոք են, բայց չունեն հանդիսությունների դահլիճ: Միջոցառումներն իրականացնում են կամ համայնքապետարանի դահլիճում, կամ՝ փտած հատակով մարզադահլիճում:
Փարպիի միջնակարգ դպրոց
Մարզի Փարպի գյուղի դպրոցի վերանորոգման համար պետական միջոցներից ծախսվել է 176 մլն դրամ: Վերանորոգման աշխատանքները տևել են 6 տարի և ավարտվել 2014 թվականին: Այն իրականացրել է «Վթարշին» ՍՊԸ-ն:
Փարպիի միջնակարգ դպրոցի տնօրեն Նորիկ Արշակյանը զրույցի ընթացքում անընդհատ ասում էր, որ դպրոցը թերություններ չունի, սակայն, պարզվեց, խոնավությունից պատերի ծեփը պոկված է, վերանորոգված մարզադահլիճի սանհանգույցը չի օգտագործվում, իսկ մարզագույք չեն հիշում, թե վերջին անգամ երբ են ստացել: Աշակերտներն այստեղ խաղում են հերթով: Պետությունը դպրոցների վերանորոգման համար զգալի միջոցներ է ծախսում, սակայն դրանք երբեմն ոչ միայն անարդյունավետ են, այլև չեն անդրադառնում ուսման որակի բարձրացման վրա:
Օրինակ՝ 20 աշակերտ ունեցող դասարարանը ֆիզկուլտուրայի դասն անցկացնում է 10 հատ ցատկապարանով և օղակով:
Ինչ վերաբերում է լաբորատորիային, ապա չեն հիշում, թե վերջին անգամ երբ են նոր գույք ստացել: Այդ պատճառով քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներում կամ փորձեր չեն անում, կամ էլ դրանք իրականացնում են հին նյութերով, որը երբեմն կարող է վտանգավոր լինել:
Քիմիայի ուսուցչուհի Բավական Հարությունյանը պատմեց, որ սարքավորումները մոտ 35 տարվա են և որպես ուսուցիչ ժառանգել է իր աշակերտական տարիների լաբորատոր նյութերն ու սարքավորումները: Եթե դպրոցի հնարավորությունը ներում է, ապա որոշ նյութեր ձեռք են բերում «Վերնիսաժից», երբեմն էլ խնդրում են այլ դպրոցներից:
Բ. Հարությունյանի ասելով՝ հնարավոր չէ քիմիայի դաս անցկացնել առանց փորձերի՝ միայն պատկերացնելով: Ըստ նրա՝ աշակերտը պետք է տեսնի, թե ինչ է կատարվում, միայն պատկերացնելով հնարավոր չէ արդյունավետ դաս անցկացնել:
10-րդ դասարանի աշակերտուհի Մարի Սիմոնյանը ևս դժգոհ է, որ լաբորատորիան հագեցած չէ և իրենք չեն կարողանում փորձեր անցկացնել: Աշակերտուհու խոսքով, եթե լաբորատոր պայմանները բավարար լինեն, չի բացառվում, որ քիմիայի և ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրություն ունեցողների թիվն ավելանա և բուհեր ընդունվեն: Ներկայիս վիճակում դա միայն երազանք է:
Քուչակի միջնակարգ դպրոց
Գրեթե նույն պատկերն է նաև Քուչակ գյուղի միջնակարգ դպրոցում: Այստեղ ծախսվել է 380 մլն դրամ, վերանորոգման աշխատանքներն իրականացրել են «Էրեբունի շինվերանորոգում, «Ագարակ» ԲԲԸ-ները, «Կանժիստրոյ» ՍՊԸ-ն:
Ինչպես մյուս վերանորոգված դպրոցներում, այնպես էլ Քուչակի դպրոցում շինաշխատանքներն առանց թերությունների չեն եղել: Դասասենյակների պատերն այնքան բարակ են, որ դռների հատվածում քարերը թափվել են՝ առաջացնելով անցքեր: Միջանցքից, այդ անցքերի միջոցով հանգիստ կարող ես նայել, թե դասասենյակի ներսում ինչ է կատարվում: Փոխված դռները ևս որակյալ չեն, դրանք արդեն ձեւափոխվել են:
Առաջին մասնաշենքի սանհանգույցների մոտակայքում խոնավությունև այնքան շատ է, որ պատերի ծեփը թափվում է: Վերանորոգված տանիքից ևս ջրի հոսք կա, ինչի հետևանքով ջուրը քայքայում է պատերը:
Քուչակի դպրոցում նույնպես մարզագույքի պակաս կա: Ֆիզկուլտւրայի ուսուցիչ Գագիկ Գասպարյանն ասում է, որ ոչ մի տեսակի մարզագույք չունեն, ընդամենը մի քանի գնդակ:
Բյուրականի միջնակարգ դպրոց
Բյուրականի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է 7 տարվա ընթացքում՝ 2007-2013թթ.: Վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Ագարակ» ԲԲԸ-ն: Դպրոցի վերանորոգման համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 371 մլն դրամ, սակայն ներս մտնելիս տպավորությունն այնպիսին է, որ այդ գումարի չափով վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Իսկ մասնաշենքերից մեկն ընդհանրապես վերանորոգված չէ:
Դպրոցի պատերի ճաքերը աչք են ծակում, իսկ դասասենյակների դռների զգալի մասը կոտրվել է, ձեւափոխվել:
Մեր այցելության ժամանակ դպրոցի տնօրենը տեղում չէր, իսկ ուսմասվարն ասաց, որ առանց տնօրենի չի կարող պարզաբանումներ տալ:
Աղբյուրը`hetq.am