Skip to content
26 Հուլիսի, 2017 / armhels

Նամակ ընթերցողից․ Վաղատին գյուղի դպրոցի մասին

Վերջերս այցելել էինք Սյունիքի մարզ, Սիսիանի ենթաշրջանի Վաղատին գյուղի միջնակարգ դպրոցը։ Գյուղն ընդհանրապես և հատկապես դպրոցը գտնվում է հիասքանչ բնության կանաչապատ գրկում, որն առաջին տպավորությունից թվում է, թե ինչ հիանալի տեղ է դպրոց գնալու և դասեր սերտելու համար։

Սակայն շատ տխրեցինք, երբ դպրոց մտանք և անցանք սանհանգույցների կողքով։ Դրանք գտնվում են ահավոր վիճակում։

Թեև անցյալ տարիների ընթացքում բազմաթիվ գյուղեր ենք այցելել, որտեղ միշտ եղել են խնդիրներ, նորոգման կարոտ դասարաններ, մարզասրահներ, սանհանգույցներ և այլն, սակայն Վաղատին գյուղի միջնակարգ դպրոցի սահանգույցներն ամենաահավորն էին։ Թերևս նկարները դրանց ամենալավ բնութագիրն են։

Վաղատին գյուղը ունի շուրջ 700 բնակչություն, և դպրոցի աշակերտների թիվը 70 է: Դպրոցը ունի նորոգման երկու ծրագիր՝ մեկը սանհանգույցները՝ թվով 6 հատ, իսկ երկրորդը դասարանները փոքրացնելու և ջեռուցման խնդիրը լուծելու ծրագիրն է: Դասասենյակները շատ մեծ են, իսկ յուրաքանչյուր դասարանում միջին հաշվով 5-6 աշակերտ կա միայն։ Ձմռանը դասասենյակները ջեռուցվում են փայտի վառարաններով։ Ֆինանսական միջոցներ լինելու դեպքում հարմար կլինի մի քանի դասասենյակ կիսել և պատուհանները փոքրացնել, որպեսզի հնարավոր լինի ձմռանն ավելի արդյունավետ միջոցներով ջեռուցել։

Մտածեցինք «Հետք»-ի միջոցով բարձրաձայնել այս խնդիրները և տեղեկացնել «պատասխանատու» մարմիններին, և եթե կլինեն բարերարներ, որոնք կցանկանան օգնել Վաղատին գյուղին, տեղեկանան առկա խնդիրներին ու ընդառաջեն։

Հանրի Քոչարյան

Աղբյուրը` hetq.am

Թողնել մեկնաբանություն